Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում կհյուրընկալվի Կիպրոսի ընտրանուն։
Այսօր Կիպրոսում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը խոսել է վաղվա հանդիպման մասին։
«Մենք մրցելու ենք շատ լավ թիմի հետ՝ լավ ֆուտբոլիստներով։ Թիմ, որը շատ ուժեղ է տեխնիկապես, բարձրակարգ և վտանգավոր է բաց խաղում։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ցանկանում ենք այս և հաջորդ խաղում հնարավորինս շատ միավորներ հավաքել։ Կարծում եմ՝ նախորդ խաղում մենք չստացանք այն, ինչին արժանի էինք։ Մենք խաղացինք գեղեցիկ, գերիշխող ֆուտբոլ, բայց, ցավոք, ամենակարևորը միավորներն են, և մենք բավարար միավորներ չստացանք այս երկու խաղերում։ Մենք պետք է հաղթենք այս խաղում, եթե ուզում ենք պահպանել մեր նպատակներին հասնելու որևէ հույս։
Չեմ կարծում, որ մեր մրցակիցները կխաղան պաշտպանողական ֆուտբոլ։ Նրանք, ինչպես բոլորը, կխաղան հաղթանակի համար։ Հարցն այն է, թե ինչպես ենք մենք ներկայանում։ Եթե մենք ունենանք նույն կերպարը, ինչ Լատվիայի դեմ խաղում և երկրորդ խաղակեսում՝ Չեռնոգորիայի դեմ խաղում, մենք ճիշտ ուղու վրա կլինենք։
Որակազրկված խաղացողներից բացի, Լայֆիսը ևս չի մասնակցի խաղին։ Մնացած տղաները պատրաստ են. մենք որոշում կկայացնենք վաղը կազմի առումով»,- ասել է Մանցիոսը։
Նշենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Զուգահեռաբար կընթանա նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։
Խմբի մրցաշարային աղյուսակը
























































