Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 22-ամյա ձախ եզրայինին անփոխարինելի խաղացող չի համարում, իսկ ակումբի մարզական տնօրեն Դեկուն վաղուց ուղիներ է փնտրում նրան աշխատավարձային ցանկից հանելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանը դաշտ է դուրս եկել ընդամենը մեկ անգամ՝ փոխարինման մտնելով Լա լիգայի 6-րդ տուրի «Ռասինգի» դեմ խաղի վերջնամասում (7-2):
Այս իրավիճակին ուշիուշով հետևում է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, փարիզեցիներն արդեն սկսել են աշխատել տրանսֆերի իրագործման ուղղությամբ՝ պարզելու դրա հնարավոր պայմանները։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը պատրաստ է խաղացողի համար առաջարկել 40 միլիոն եվրո։
«Լուիս Էնրիկեն հիանալի գիտի, թե Բալդեի պես պաշտպանն ինչ կարող է տալ թիմին՝ շնորհիվ իր արագության, ազատ տարածություններում խաղալու և մեծ տարածություն անցնելու ունակության։ Էնրիկեն փնտրում է այնպիսի պաշտպանի, որն ի վիճակի է ապահովել գրոհի լայնությունը, և կարծում է, որ միջավայրի փոփոխությունը կարող է օգտակար լինել Բալդեի համար»,- նշված է El Nacional-ի հոդվածում։
Տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել նաև պաշտպանի՝ վարձավճարով հեռանալու տարբերակը՝ հետագայում տրանսֆերի գնման բարձր արժեքի պարտադիր պայմանով։ Աղբյուրը հավելում է, որ Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և Միլանի «Ինտերը»:
Նշենք, որ Transfermarkt պորտալի մասնագետներն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։

























































