Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Չեռնոգորիայի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3-2 հաշվով լարված ու դրամատիկ հաղթանակ կորզեց Հայաստանի ընտրանուց։ Խաղից հետո հյուրերի հանդերձարանում տիրել է իսկական տոնական մթնոլորտ։
Հանդիպման ավարտից հետո գիշերային Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտի հանդերձարաններից, հնչում էին չեռնոգորիացի ֆուտբոլիստների երգերը։ Այս կերպ նրանք նշում էին Ազգերի լիգայի մեկնարկում տարած երկու բարդ հաղթանակների կարևորությունը։ Ինչպես նշում են չեռնոգորիական լրատվամիջոցները, թիմը տոնում էր նաև լավատեսության և հույսի վերադարձը, որը տևական դադարից հետո կրկին պարուրել է իրենց ազգային հավաքականը։
Խաղից հետո Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը հատուկ ուղերձով դիմել է իր ֆուտբոլիստներին՝ ընդգծելով նրանց նվիրվածությունն ու դրսևորած կամքը.
«Կեցցե՛ք հաղթանակի համար. սա հենց այն քաղցն է, որը մենք փնտրում էինք, այն քաղցն ու ցանկությունը, որն ունեինք»,- նշել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 2-ին, Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունելու է Լատվիային, որին մեր ընտրանին առաջին տուրում հաղթել էր 2:0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականն իր հերթին նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին, արտագնա խաղում կմրցի Կիպրոսի ընտրանու դեմ։
























































