«Ատլետիկոյի» ներկայացուցիչները մեկնաբանել են «Ռեալի» դժգոհությունները, որոնք ի հայտ են եկել Լա լիգայի 7-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիում «սերուցքայինների»՝ 1-2 հաշվով կրած պարտությունից հետո։
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը Միգել Անխել Օրտիս Արյասն էր։
«Կան սահմաններ, որոնք անթույլատրելի է հատել, բայց նրանք կրկին դա արեցին։ Չի կարելի նման անհարգալից վերաբերմունք դրսևորել։ Նրանք ցանկանում են պատասխան հանդիպումն անցկացնել վախեցած մրցավարների և հօգուտ իրենց արված սխալների պայմաններում։ Միակ նշանակումը, որը նրանց կգոհացներ, Մեխիա Դավիլան է (Լա լիգայի նախկին մրցավար, որը 2009 թվականից աշխատում է մադրիդյան ակումբում — խմբ․): Մենք դիտարկում էինք բոլոր այն դրվագները տպագրելու տարբերակը, որտեղ «Ռեալը» շահել է, սակայն շրջակա միջավայրի պահպանության նկատառումներից ելնելով՝ հրաժարվեցինք այդ մտքից․ հակառակ դեպքում աշխարհում պարզապես ծառ չէր մնա»,- իսպանական Marca պարբերականը մեջբերում է «Ատլետիկոյի» աշխատակիցների խոսքերը։
Հիշեցնենք, որ խաղի ավարտից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լրագրողներին ցուցադրել էր մրցակցի խաղացողների կողմից թույլ տրված խախտումների տպագրված պատճենները՝ խիստ քննադատության ենթարկելով մրցավարների աշխատանքը։ Դրան ի պատասխան՝ «Ատլետիկոն» հրապարակել էր այդ ասուլիսից Մոուրինյոյի լուսանկարը՝ կից գրառմամբ. «Դադարեցրեք մրցավարների նկատմամբ ոտնձգությունները»։ Ավելի ուշ ակումբը զետեղել է ևս մեկ հրապարակում՝ նշելով. «Այս մրցաշրջանում նրանք շատ վաղ սկսեցին։ Մեխանիզմը գործարկված է»։
























































