Կիլիան Մբապեի, Լամին Յամալի և Ուսման Դեմբելեի պես, ովքեր արդեն հայտարարել են ֆուտբոլային գլխավոր անհատական մրցանակին հավակնելու մասին, Հարի Քեյնը նույնպես պաշտպանել է իր վիճակագրությունն ու գրանցած արդյունքները Marca-ին տված հարցազրույցում։
Մեդիայի հետ շփումներում սովորաբար աչքի չընկնող Մյունխենի «Բավարիայի» հարձակվողն այս անգամ բացառություն է արել՝ իսպանական պարբերականի հետ զրույցում դուրս գալով ստվերից:
Հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք «Ոսկե գնդակ-2026»-ի մրցանակաբաշխությանն ընդառաջ՝ Անգլիայի հավաքականի ավագն ընդգծել է իր փայլուն մրցաշրջանը։
«Ես չեմ սիրում խոսել իմ մասին, բայց 73 գոլերն ինքնին խոսուն են»,- նշել է Քեյնը՝ ակնարկելով իր ֆանտաստիկ անհատական ցուցանիշները:
Որպես գործող «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր՝ անգլիացի ռմբարկուն գրանցել է ֆուտբոլի պատմության երկրորդ լավագույն արդյունքը՝ մոտենալով միայն Լիոնել Մեսիի՝ 2011/12 մրցաշրջանում սահմանած ռեկորդին (82 գոլ):
Մի բան հաստատ է. Եվրոպայի լավագույն ռմբարկուն երազում է բարձրացնել ամենահեղինակավոր անհատական մրցանակն իր հայրենիքում՝ ընդամենը մեկ ամիս անց։
«Միգուցե սա լավ նշան է,- ժպտալով արձագանքել է Քեյնը՝ ավանդաբար Փարիզում անցկացվող «Ոսկե գնդակի» արարողության՝ Լոնդոն տեղափոխման փաստին։ -Իհարկե, այն, որ մրցանակաբաշխությունն անցկացվելու է իմ հայրենի քաղաքում, իրադարձությունն էլ ավելի յուրահատուկ կդարձնի։ Այնպես որ, այո, մի փոքր տարօրինակ է, որ այս տարի այն այնտեղ է անցկացվելու։ Կսպասենք ու կտեսնենք»:
Համարվելով գործող դափնեկրին՝ Ուսման Դեմբելեին փոխարինելու գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Քեյնը մինչ այս երբեք չի գերազանցել «Ոսկե գնդակի» քվեարկության 10-րդ հորիզոնականը (այդ տեղը զբաղեցրել է 2017, 2018 և 2024 թվականներին): Ի տարբերություն Կիլիան Մբապեի կամ Լամին Յամալի վարած բավականին ագրեսիվ քարոզարշավի, բավարացիների հարձակվողը նախընտրում է պահպանել համեստություն և զսպվածություն՝ հետևելով Դեմբելեի կամ Ֆաբիան Ռուիսի օրինակին:

























































