Միլանի «Ինտերը» իսկական ֆուտբոլային տոն և խելահեղ էմոցիաներ պարգևեց իր երկրպագուներին՝ «Սան Սիրոյում» կամային հաղթանակ տոնելով «Ուդինեզեի» նկատմամբ: Չնայած հանդիպման սկզբում բաց թողած երկու գնդակներին և պաշտպանությունում թույլ տված որոշակի բացթողումներին՝ միլանյան ակումբը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու վաստակել կարևոր երեք միավոր:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն DAZN-ին տված հարցազրույցում ամփոփել է հանդիպումը՝ առանձնահատուկ անդրադառնալով Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կարևորությանն ու նրա՝ մեկնարկային կազմ վերադառնալուն։
«Ռոտացիաներն այս մրցաշրջանում պարզապես անհրաժեշտություն են, քանի որ ճանապարհը երկար է, իսկ հանդիպումները՝ շատ։ Բարեբախտաբար, մենք ունենք բավականաչափ մրցունակ կազմ։ Մենք փորձում ենք բոլորին բերել լավագույն մարզավիճակի, և յուրաքանչյուր ոք պետք է իրեն այս նախագծի մի մասնիկը զգա, քանի որ մենք բոլորի կարիքն ունենք։ Որպես մարզիչ՝ ինձ համար սա շատ կարևոր է։
Ես կրկին մեկնարկային կազմում տեսա Մխիթարյանին, հետո խաղադաշտ դուրս եկան Սթոունզն ու Բոնին։ Այս տղաներից յուրաքանչյուրն իր լուման ունի և օգնելու է մեզ հասնել մեր նպատակներին: Ինչ վերաբերում է Սթոունզին, ապա նա պետք է բուժզննում անցնի. նա որոշակի անհարմարություն է զգացել ազդրի հատվածում»,- նշել է Կիվուն:
Անդրադառնալով խաղի վատ մեկնարկին և պաշտպանական սխալներին՝ իտալական ակումբի գլխավոր մարզիչն ընդգծել է թիմի բնավորությունը.
«Բաց թողած գոլե՞րը. դրանք անհատական սխալների արդյունք էին, իսկ նման սխալները շտկելն ավելի հեշտ է: Հնարավոր է՝ շաբաթվա ընթացքում ես ինչ-որ բան այնպես չեմ արել՝ խաղին ճիշտ տրամադրվելու կարևորությունը տղաներին փոխանցելու հարցում։ Մենք խաղադաշտ դուրս եկանք կարծես առանց հոգու, առանց կրքի: Բայց այս թիմն ունի ներքին հպարտություն. տղաները կարողացան ցույց տալ այն, ինչ պետք է անեին հենց սկզբից: Մենք կվերլուծենք մեր բացթողումները, ինչպես միշտ ենք անում: Ինձ հանգստացնում է այն փաստը, որ մենք երբեք չենք կորցնում մեր խաղային դեմքն ու միշտ գլուխներս բարձր ենք պահում: Սա շատ կօգնի, երբ խաղադաշտում այլևս այսքան ճնշման չենթարկվենք»:
Խոսելով տակտիկական մանրամասներից՝ Կիվուն հավելել է.
«Վերջին շրջանում շատ ենք աշխատել խիտ և ցածր պաշտպանությունը ճեղքելու ուղղությամբ: Անելիքներ դեռ շատ կան, քանի որ մենք կատարյալ չենք և երբեմն շատ ազատ տարածություններ ենք տալիս մրցակցին, սակայն ինձ ուրախացնում է տղաների պայքարելու ոգին։ «Ուդինեզեն» կազմակերպված ու ֆիզիկապես շատ ամուր թիմ է, բայց մենք առաջին հարվածից հետո չընկճվեցինք, ցույց տվեցինք ճիշտ արձագանք ու կարողացանք հաղթանակը տանել տուն»:
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































