Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի բացակայությունը թիմի վերջին մարզումից կապված չէ «Բարսելոնայի» հետ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, արգենտինացի ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները կտրականապես հերքում են շրջանառվող լուրերն այն մասին, թե նրա բացակայությունը կարգապահական խախտման կամ բոյկոտի արդյունք է։
Նույն աղբյուրները պարզաբանել են, որ Ալվարեսը երբեք չէր ձևացնի, թե հիվանդ է. նրա բացակայությունը պայմանավորված է եղել բացառապես անքուն գիշերվանից հետո առաջացած ինքնազգացողության վատթարացմամբ։ Այս վարկածը պաշտոնապես հաստատել են նաև մադրիդյան ակումբից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը կենտրոնական հարձակվողի դիրքում հենց Խուլիան Ալվարեսն է, իսկ ֆուտբոլիստն ինքն էլ երազում է կարիերան շարունակել «Բլաուգրանայի» կազմում։ «Ատլետիկոն» իր հերթին մտադիր չէ բաց թողնել արգենտինացուն և զիջել նրան գլխավոր մրցակիցներից մեկին։

























































