«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի հնարավոր տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակը։
«Չեմ ցանկանում խոսել այս թեմայով։ Ամեն ինչ հանգում է մեկ բանի. կամ Խուլիանը, կամ մենք կշարունակենք առանց նոր հարձակվողի։ Ես ծանոթ եմ ակումբի ներքին իրավիճակին. շատ լավ տրանսֆերներ են իրականացվել։ Ակումբը պետք է մտածի ապագայի մասին, իսկ ես՝ որպես մարզիչ, անընդհատ ավելին եմ ցանկանում։ Լիովին վստահում եմ իմ թիմին, և մենք պետք է լուծումներ գտնենք։ Ֆուտբոլիստների մակարդակը շատ բարձր է։
Դեկուն հիանալի աշխատանք է կատարում։ Մենք նայում ենք ապագային՝ հասկանալու համար, թե որն է լավագույն տարբերակը հիմա և առաջիկա երեքից հինգ տարիների հեռանկարում։ Մենք ակումբի համար կայունություն ենք ցանկանում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշվում է, որ Ալվարեսի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ «Բարսելոնա» տեղափոխվելու նրա մեծ ցանկության ֆոնին։ Ողջ ամռան ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստը դիտարկել է տրանսֆերի հնարավորությունը, սակայն «Ատլետիկոյի» ղեկավարությունը մտադիր չէ բաց թողնել նրան։
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրից հետաձգված խաղում, որտեղ «Ատլետիկոն» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ, մադրիդյան ակումբի երկրպագուներն Ալվարեսին դիմավորել են սուլոցներով և դժգոհության բացականչություններով։ Հիշեցնենք, որ Խուլիանն այդ հանդիպման ժամանակ խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ փոխարինման մտնելով։
























































