Մադրիդի «Ռեալն» անցկացրել է թիմի նորեկ, պաշտպան Մարկ Կուկուրելյայի պաշտոնական շնորհանդեսը։
Մադրիդյան ակումբը 28-ամյա իսպանացուն Լոնդոնի «Չելսիից» ձեռք բերելու մասին հայտարարել էր դեռ հունիսի 15-ին։
Երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին, «սերուցքայինների» սոցցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ ֆուտբոլիստն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ է և ձեռքում պահում է թիմի մարզաշապիկը: «Ռեալը» նաև հրապարակել է Կուկուրելյայի առաջին հարցազրույցը։
«Ողջո՜ւյն, մադրիդիստներ։ Ես շատ երջանիկ եմ։ Սա յուրահատուկ օր է ինձ և իմ ընտանիքի համար։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ձեզ տեսնելու «Բերնաբեուում»։ Աշխարհի լավագույն ակումբի մարզաշապիկը կրելը հպարտություն և պատիվ է ինձ համար»,- նշել է Կուկուրելյան։
Իսպանացի պաշտպանը «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականի հունիսի վերջ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն արդեն հասցրել է իր նորամուտը նշել մադրիդյան թիմի կազմում. շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին, Լա Լիգայի 1-ին տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (2:1) նա փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և խաղադաշտում անցկացրել 26 րոպե:



























































