Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Լա Լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղից առաջ խոսել է բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրամադրվածության մասին։
Պորտուգալացի մասնագետը չի ցանկացել գնահատական տալ, թե արդյոք բրազիլացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, կամ մտնում է արդյոք լավագույն եռյակ կամ տասնյակ։ Սակայն մարզիչը Վինիսիուսին անվանել է աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկը՝ ընդգծելով, որ լավագույնները պետք է հանդես գան հենց «արքայական» ակումբում։
«Չգիտեմ, թե ինչու է նա նախկինում խնդիրներ ունեցել այլ մարզիչների հետ։ Նա հրաշալի հասկանում է, թե տակտիկական տեսանկյունից ինչ եմ պահանջում իրենից։ Կարծում եմ՝ նա երջանիկ է, վստահ է մեր նախապատրաստական աշխատանքներին և ցանկանում է հաղթել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում, վինգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալը» 2026/27 մրցաշրջանը կմեկնարկի այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի ժամանակով 23:30-ին՝ հյուրընկալվելով «Էսպանյոլին»: Մադրիդցիների՝ առաջին տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը հետաձգվել էր։ Նշենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը «Բարսելոնան» է։


























































