Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի Լա Լիգայի առաջին տուրում «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո անդրադարձել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հասցեին երկրպագուների հնչեցրած վիրավորական վանկարկումներին:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես կարձագանքի տրիբունաներից հնչող առանձին վիրավորական արտահայտություններին՝ ուղղված Ալվարեսին, արգենտինացի մասնագետը տվել է խիստ դիվանագիտական և կարճ պատասխան.
«Ես շատ հարգալից եմ վերաբերվում մեր երկրպագուներին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:
Ավելի վաղ մադրիդյան ակումբը հայտնել էր, որ աշխարհի առաջնությունից հետո արձակուրդն ավարտելուն պես Ալվարեսը բուժզննում է անցել և սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը անհատական ծրագրով:
Հատկանշական է, որ հունիսի կեսերին արգենտինացին հայտարարել էր «Ատլետիկոյից» հեռանալու իր ցանկության մասին: Ըստ շրջանառվող լուրերի՝ կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է 130 միլիոն եվրո առաջարկել Արգենտինայի հավաքականի աստղային ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
























































