Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ ժամանակին դիտարկել է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը։
«Ինձ շատ էր գրավում «Բարսելոնայում» խաղալու հեռանկարը։ Նրանք հաղթում էին մեզ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, և ընդ որում՝ թիմում չկար ընդգծված «ինը համար»։ Կարծում եմ՝ ինձ համար հեշտ կլիներ խաղալ այդ թիմում, ես կատարյալ կհամապատասխանեի նրանց»,- Ռունիի խոսքերն է մեջբերում իսպանական Sport.es պարբերականը։
Անվանի նախկին հարձակվողը նաև հաստատել է, որ իսպանական գրանդ տեղափոխվելու տարբերակն իսկապես գոյություն է ունեցել․
«Նման հնարավորություն կար, սակայն ֆինանսական տեսանկյունից ամեն ինչ բավականին բարդ էր»,- հավելել է Ռունին։
Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել է 2004-ից 2017 թվականներին։ Անգլիական ակումբի կազմում նա հինգ անգամ հռչակվել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
























































