Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է հարազատ ակումբ: Ինչպես հաղորդում է կատալոնացիների պաշտոնական կայքը, իսպանացին միացել է «Բարսելոնայի» պահեստային թիմին՝ որպես գլխավոր մարզիչ Ժուլիանո Բելետիի օգնական:
Սպասվում է, որ նախկին կիսապաշտպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցի ակումբի երիտասարդ ֆուտբոլիստներին՝ զուգահեռաբար մասնակցելով մարզչական դասընթացների և ստանալով համապատասխան որակավորում:
Հիշեցնենք, որ Բուսկետսը ակումբ է վերադառնում գլխավոր թիմից հեռանալուց երեք տարի անց: «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 722 հանդիպման և նվաճել 32 տիտղոս, այդ թվում՝ Իսպանիայի ինը չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի 3 գավաթ:
Կատալոնական ակումբից հեռանալուց հետո Բուսկետսը համալրել էր ամերիկյան «Ինտեր Մայամիի» շարքերը, որտեղ երկուսուկես մրցաշրջան անցկացնելուց հետո ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան:
























































