Խուլիան Ալվարեսը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», սակայն Մադրիդի «Ատլետիկոն» կտրականապես հրաժարվում է վաճառել արգենտինացի հարձակվողին։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, չորեքշաբթի օրը կայացած մարզումից առաջ Ալվարեսը հանդիպել և առանձնազրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։
Նշվում է, որ զրույցն անցել է բարյացակամ մթնոլորտում։ Ալվարեսը մարզչին է ներկայացրել իր դիրքորոշումն ու ակումբից հեռանալու ցանկությունը։ Ի պատասխան՝ Սիմեոնեն ընդգծել է, որ ակումբն արդեն վերջնական որոշում է կայացրել, և ինքը՝ որպես մարզիչ, կարող է աջակցել ֆուտբոլիստին բացառապես սպորտային հարցերում։
Արգենտինացի մասնագետը հստակեցրել է, որ գալիք մրցաշրջանում մեծ հույսեր է կապում Խուլիանի հետ և նրան տեսնում է իր ծրագրերում։
Հիշեցնենք, որ 2026/2027 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումն «Ատլետիկոն» կանցկացնի օգոստոսի 19-ին՝ Լա Լիգայի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Մալագային»։


























































