Ժոաու Կանսելուի վերադարձը «Բարսելոնա» ավելի մոտ է, քան երբևէ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Շաբաթներ տևած բանակցություններից, դրական տեղաշարժերից ու անորոշության փուլերից հետո կատալոնական ակումբում կրկին լավատեսություն է տիրում։ Թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն այս տրանսֆերը համարում է առաջնահերթություն՝ եզրային գոտիներն ուժեղացնելու համար և ամառվա սկզբից պնդում է պորտուգալացուն վերադարձնելու անհրաժեշտությունը։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» «լիակատար վստահություն» ունի, որ գործարքը կփակվի մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Սաուդյան «Ալ-Հիլալի» հետ բանակցությունները շարունակվում են, սակայն կա մեկ հստակ գործոն. Կանսելուն ցանկանում է վերադառնալ միմիայն «Բարսելոնա» և հանուն դրա մերժել է այլ ակումբների առաջարկները:
Գործարքն ամենևին էլ հեշտ չի տրվել: Ամռան ընթացքում շրջանառվող լուրերը, թե իբր պորտուգալացին բոյկոտել է արաբական ակումբի մարզումները և տուգանվել, հերքվեցին և՛ ֆուտբոլիստի, և՛ «Ալ-Հիլալի» կողմից։ Գլխավոր խոչընդոտը միշտ եղել է ֆինանսական կողմը։ Սաուդյան ակումբը ցանկանում է հետ բերել ժամանակին «Մանչեսթեր Սիթիին» վճարված գումարի մի մասը՝ պահանջելով մոտ 10 միլիոն եվրո, մինչդեռ «Բարսան» փորձում է նվազեցնել այդ գինը՝ իր ֆինանսական վիճակին հարմարեցնելու համար: Վերջին օրերին, սակայն, կողմերի դիրքորոշումները բավականին մոտեցել են իրար:
Գերմանացի մասնագետի համար Կանսելուն պարզապես պաշտպան չէ. նա ունիվերսալ խաղացող է, ով կարող է փակել երկու եզրերն էլ։ Չնայած նրա հիմնական դիրքը աջ թևն է, նախորդ մրցաշրջանի վերջնամասում նա ամրապնդվեց ձախ եզրում՝ հաղթելով մրցակցությունը Ալեխանդրո Բալդեին: Գրոհներին միանալու, սրություն ստեղծելու և եզրափակիչ հատվածում որակ ապահովելու նրա ունակությունները իդեալական են Ֆլիկի խաղային համակարգի համար:
Այս պահին կատալոնական ակումբում լավատեսությունը զգալիորեն աճել է։ Թեև դեռ կան որոշ ֆինանսական դետալներ, որոնք պետք է հարթվեն, ամեն ինչ տանում է նրան, որ Ժոաու Կանսելուն նոր մրցաշրջանում կրկին հանդես կգա «Բարսելոնայի» մարզաշապիկով:


























































