«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին վերջնական որոշում է կայացրել իր ակումբային ապագայի վերաբերյալ։ Իսպանացին, ում պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, մտադիր է կարիերան շարունակել բացառապես Մադրիդի «Ռեալում»՝ անտեսելով «Բարսելոնայի» և այլ գրանդների հետաքրքրությունը։
Կատալոնական ակումբը Ֆրենկի դե Յոնգի վնասվածքից հետո փորձել է կապ հաստատել Ռոդրիի շրջապատի հետ։ Սակայն, ըստ Cadena SER-ի, խոսակցություններն այդպես էլ պաշտոնական բնույթ չեն ստացել։ Ռոդրին հստակ հասկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել միայն Մադրիդ։ Բացի այդ, «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խոչընդոտների առաջ է կանգնած. Էնթոնի Գորդոնի, Կարիմ Ադեյեմիի և Բիսիվուի տրանսֆերների վրա 110 մլն եվրո ծախսելուց հետո կատալոնացիները պարզապես ի վիճակի չեն վճարելու «Սիթիի» պահանջած 75 մլն եվրոն։ Նրանց գլխավոր նպատակն այժմ Կանսելոյի տրանսֆերն ու Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող նոր հարձակվող գտնելն է։
Աշխարհի չեմպիոնի փայլուն մրցելույթները և մարզիչ Ժոզե Մոուրինյուի հավանությունը դրդել են «արքայական» ակումբին գործի անցնել։ «Ռեալի» գրասենյակում լավատեսորեն են տրամադրված, թեև «Սիթին» պահանջում է 75 միլիոն եվրո։ Ֆլորենտինո Պերեսի թիմը հույս ունի իջեցնել գինը մինչև 60 միլիոն։ Միակ բարդությունն այն է, որ թիմում կա ընդամենը մեկ ազատ տեղ, և Ուսման Դիոմանդեի ու Ռոդրիի միաժամանակյա գրանցման համար «Ռեալը» պետք է հրաժեշտ տա գոնե մեկ ֆուտբոլիստի։
Մինչ ակումբները բանակցում են, Ռոդրին աշխարհի առաջնությունից և մեջքի վիրահատությունից հետո ուժերն է վերականգնում Չեռնոգորիայում։ Այս վայրը հայտնի է որպես «թաքստոց» այն էլիտար մարզիկների համար, ովքեր ցանկանում են խուսափել լրագրողների ավելորդ ուշադրությունից։ Իսպանացին հանգիստ սպասում է իր մադրիդյան տեղափոխության հաստատմանը, մինչդեռ ՊՍԺ-ն ու «Բավարիան» արդեն իսկ դուրս են եկել պայքարից՝ գիտակցելով նրա անբեկանելի որոշումը։
























































