«Բարսելոնայի» նորեկ Կարիմ Ադեյեմին կիսվել է կատալոնական թիմի կազմում իր առաջին մրցաշրջանից ունեցած սպասելիքներով։
«Ինչպիսի՞ն են սպասելիքներս այս մրցաշրջանից: Ներքին զգացողություն ունեմ, որ այն հաջող է լինելու և մեզ շատ տիտղոսներ է բերելու։ Մեզ մեծ մարտահրավերներ են սպասվում. մենք ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր գավաթները և միանգամայն ունակ ենք դրան։ Հենց դրան էլ մենք նախապատրաստվում ենք՝ ամեն օր աշխատելով առավելագույն նվիրումով»,- ասել է գերմանացի հարձակվողը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կարող է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտությունից հետո ռևանշի հասնել «Բարսելոնայի» կազմում, 24-ամյա ֆուտբոլիստը նշել է.
«Անկասկած, իմ գլխավոր երազանքը Չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Ես շատ մոտ էի այդ հաղթանակին, բայց, ցավոք, պարտվեցի, և իմ այդ նպատակն անփոփոխ է մնացել։ Հանուն դրա ես աշխատում եմ ամեն օր»,- Ադեյեմիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր։ Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/2026 մրցաշրջանում Կարիմ Ադեյեմին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 9 խաղի՝ իր ակտիվին գրանցելով 3 գոլ և 2 արդյունավետ փոխանցում։


























































