Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին։
Ֆրանսիացի վետերանին մեծապես տպավորել է անգլիացու խաղն աշխարհի առաջնությունում և այն առաջնորդական որակները, որոնք նա դրսևորել է Մունդիալում։ Պետին վստահ է, որ Կիլիան Մբապեի հետ տանդեմում Բելինգեմը հաջորդ մրցաշրջանում կկարողանա նոր տիտղոսներ պարգևել «արքայական» ակումբին։
«Սա Բելինգեմի այն տարբերակն է, որը ես ցանկանում եմ տեսնել խաղադաշտում։ Նա խաղում էր առյուծի պես և առաջնորդական որակներ էր դրսևորում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Ջուդը հսկայական ճնշման տակ էր, և չպետք է մոռանալ, որ ընդամենը ամիսներ առաջ ոմանք կասկածի տակ էին դնում նրա՝ աշխարհի առաջնությանն ընդգրկվելու արժանի լինելը, ուստի նա ապացուցելու բան ուներ։ Եթե ես լինեի «Ռեալի» երկրպագու, Բելինգեմին ու Մբապեին կասեի՝ սա հենց այն մակարդակն է, որն ակնկալում ենք տեսնել ձեր երկուսի կատարմամբ։ Ջուդը պետք է լինի «Ռեալի» նոր ավագը»,- Պետիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Էմանուել Պետին իր ակումբային կարիերայի ընթացքում պաշտպանել է «Մոնակոյի», Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Չելսիի» գույները։ 1998 թվականին կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։
























































