Երևանում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ միայն նվաճեց չեմպիոնի տիտղոսը, այլև գրանցեց անհատական փայլուն նվաճումներ։
Եզրափակիչ հանդիպումից հետո, որտեղ մեր ընտրանին 97:68 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ, տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Կազմակերպիչները ներկայացրին մրցաշարի խորհրդանշական հնգյակը, որտեղ ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի երկու առանցքային բասկետբոլիստներ՝ Էնթոնի Սարգսյանն ու Էթան Կազանչյանը։
Անցկացնելով առանց պարտության չեմպիոնական մրցաշար՝ Հայաստանի հավաքականի կազմում առանձնահատուկ աչքի ընկավ Էնթոնի Սարգսյանը, որն ունեցավ հսկայական ներդրում թիմի պատմական հաջողության մեջ։ Նա արժանացավ առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։ Մրցաշարի ընթացքում Սարգսյանը գրանցել է տպավորիչ վիճակագրություն.
- Միավորներ՝ 21.0 (միջինը մեկ խաղում)
- Ռեբաունդներ՝ 14.8
- Արդյունավետ փոխանցումներ՝ 2.5
- Արդյունավետության գործակից (EFF)՝ 36.0
Խորհրդանշական հնգյակում տեղ գտած մեր մյուս բասկետբոլիստը՝ Էթան Կազանչյանը, նույնպես հաստատեց առաջնության ամենավառ խաղացողներից մեկը լինելու փաստը։ Նրա միջին ցուցանիշները կազմել են 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից։
🏀 Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի խորհրդանշական հնգյակն ունի հետևյալ տեսքը.
- Էնթոնի Սարգսյան (Հայաստան)
- Էթան Կազանչյան (Հայաստան)
- Օրիկ Իստրեֆի (Կոսովո)
- Զաք Սեյդ Հոլիեր (Մալթա)
- Բո Սեմյուել Կիսվարդա (Մալթա)
Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Երևանում ընթանում էր հուլիսի 4-ից 12-ը, որին մասնակցում էր 9 հավաքական:


























































