Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» որոշմանը, ըստ որի՝ ակումբը ՈւԵՖԱ-ին է ներկայացրել «Նեգրեյրայի գործի» շրջանակներում հօգուտ «Բարսելոնայի» գրանցված մրցավարական սխալների վերաբերյալ զեկույց։
«Դեռ չեմ ծանոթացել այդ զեկույցին, բայց մեծ հետաքրքրությամբ կկարդամ։ Ուզում եմ հասկանալ, թե որ թվականից սկսած են նրանք բողոքում, և արդյոք նրանց դժգոհությունները վերաբերում են բոլոր ակումբների, այդ թվում նաև հենց «Ռեալի» դեմ թույլ տրված սխալներին։ Եթե կա մի թիմ, որն իրավունք չունի բողոքելու մրցավարական սխալներից, ապա դա հենց Մադրիդի «Ռեալն» է»,- Տեբասի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։
2023 թվականին «կապտանռնագույններին» մեղադրանք էր առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կաշառելու համար։
Կատալոնական ակումբը մեղադրվում է 2001-ից 2018 թվականների ընթացքում նրան շուրջ 8,4 միլիոն եվրո վճարելու մեջ։
Ըստ «Բարսելոնայի» պաշտոնական վարկածի՝ Նեգրեյրան պարզապես վարձվել է որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական վերլուծություններ կազմելու նպատակով։ Ինքը՝ Նեգրեյրան, նույնպես կտրականապես հերքում է մրցավարների վրա ազդելու նպատակով կաշառք ստանալու մեղադրանքը։
























































