Կատալոնական «Բարսելոնան» ուսումնասիրում է Անգլիայի հավաքականի ավագ և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերն իրականացնելու հնարավորությունը։ Ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ հնարավոր տեղափոխությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ խոսքն առայժմ միայն գործարքի նախնական ուսումնասիրության մասին է, այլ ոչ թե բանակցությունների վերջնական փուլի։ «Բավարիայի» հարձակվողի գործող պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Նշվում է, որ անձամբ Քեյնն իրեն հարմարավետ է զգում Գերմանիայում և ներկայումս կենտրոնացած է մյունխենցիների հետ համաձայնագիրը երկարաձգելու հավանականության վրա։
Այդուհանդերձ, «Բարսելոնայում» պատրաստ են այս հարցին վերադառնալ Աշխարհի առաջնությունից հետո, եթե տրանսֆերային պայմաններն ավելի բարենպաստ դառնան։ Կատալոնական ակումբն անգլիացի ռմբարկուին դիտարկում է որպես հարձակման գծի գլխավոր տարբերակներից մեկը՝ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալու ֆոնին։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ 2025/26 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում դարձել է տպավորիչ 60 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Մյունխենյան ակումբի հետ հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալն անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։
Գերմանական գրանդի կազմում Քեյնը երկու անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի Գավաթն ու Սուպերգավաթը:
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա 2025/26 մրցաշրջանում կատալոնացիները 94 միավորով գրավել են Լա Լիգայի առաջին հորիզոնականը՝ 8 միավորով գերազանցելով երկրորդ տեղում հայտնված Մադրիդի «Ռեալին»:



























































