Մադրիդի «Ռեալը» վերջնականապես հրաժարվել է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեին ձեռք բերելու մտադրությունից։
Ինչպես հայտնում է հեղինակավոր Diario AS պարբերականը, մադրիդյան ակումբին տեղեկացրել են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերն այս ամռանն անհնար է իրականացնել։ Այդ իսկ պատճառով «արքայական» ակումբը որոշել է փոխել մարտավարությունն ու իր ողջ ջանքերն ուղղել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությանը։ Այժմ արգենտինացին համարվում է «Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախը։
Հիշեցնենք, որ Էնցո Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել Լիսաբոնի «Բենֆիկայից» 2023 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմել էր տպավորիչ 121 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։
Ակումբային ավարտված մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը «ազնվականների» կազմում բոլոր մրցաշարերում հասցրել է անցկացնել 53 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

























































