Իսպանական «Ռասինգի» ձախ պաշտպան Խորխե Սալինասը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։ Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները, հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «կապտանռնագույնների» վրա կարժենա 8 միլիոն եվրո։ Սալինասը կդառնա կատալոնական գրանդի ամառային երկրորդ ձեռքբերումը անգլիական «Նյուքասլից» 80 միլիոն եվրոյի դիմաց գնված Էնթոնի Գորդոնի տեղափոխությունից հետո։ Երիտասարդ իսպանացին, որը կարող է հանդես գալ ինչպես պաշտպանության ձախ եզրում, այնպես էլ կենտրոնում, նոր մրցաշրջանին կնախապատրաստվի առաջին թիմի կազմում՝ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ։
Նախորդ մրցաշրջանում Խորխե Սալինասը իսպանական Սեգունդայում «Ռասինգի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ։


























































