«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին նշել է այն ֆուտբոլիստի անունը, որին կցանկանար տեսնել կատալոնական ակումբի կազմում՝ որպես իդեալական նորեկ։
RAC1 ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողների հարցին, թե որ խաղացողին կցանկանար գնել «Բարսելոնայի» համար, 21-ամյա իսպանացին առանց երկար մտածելու և ֆանտազիաների գիրկն ընկնելու հնչեցրել է բոլորի շուրթերին հայտնված անունը՝ «Խուլիան Ալվարես»։
Մադրիդի «Ատլետիկոյի» 26-ամյա արգենտինացի հարձակվողը վաղուց է համարվում «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը։ Ըստ շրջանառվող բազմաթիվ լուրերի՝ Ալվարեսն ինքը նույնպես մեծ ցանկություն ունի տեղափոխվելու Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմ, սակայն մադրիդյան ակումբը կտրականապես հրաժարվում է բանակցել իր սկզբունքային մրցակցի հետ։
Արգենտինացու գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































