Կատալոնական «Բարսելոնայի» 22-ամյա կիսապաշտպան Մարկ Կասադոն վճռական է տրամադրված կարիերան մեկ այլ իսպանական ակումբում շարունակելու հարցում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo պարբերականը, ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», քանի որ նպատակ ունի կանոնավոր խաղաժամանակ ստանալ։ «Ներքնակագործների» մարզական դեպարտամենտը Կասադոյին համարում է թիմի կազմն ուժեղացնելու իդեալական տարբերակ, սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեռևս իր վերջնական համաձայնությունը չի տվել այս տրանսֆերին։
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր խաղացողի տրանսֆերը 25-30 միլիոն եվրոյի դիմաց։ Հատկանշական է, որ «Ատլետիկոն» կիսապաշտպանի համար պայքարում միակ հավակնորդը չէ. նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», Լևերկուզենի «Բայերը», «Ալ-Հիլալն» ու «Մոնակոն»։
Ավարտված մրցաշրջանում Կասադոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































