Ազգային հավաքականները շարունակում են նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ մրցաշարից դուրս մնացած թիմերն անցկացնում են ստուգողական հանդիպումներ։
Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում Խորվաթիայի հավաքականը դրամատիկ պայքարում հաղթանակ կորզեց Սլովենիայից՝ 2:1: 51-րդ րոպեին Լուկա Մոդրիչն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն 83-ին Անդրաժ Շպորարը վերականգնեց հավասարությունը: Խորվաթներին հաղթանակ բերեց Մարիո Պաշալիչի գոլը մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին (90+3′):
Նշենք, որ Խորվաթիան ԱԱ-2026-ում հանդես կգա L խմբում (Անգլիա, Պանամա, Գանա), իսկ Սլովենիան չի հաղթահարել որակավորման փուլը՝ իր խմբում զիջելով Շվեյցարիային և Շվեդիային:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ-ում («Ռեդ Բուլ Արենա») կայացած խաղում աշխարհի առաջնության մասնակիցներ Մարոկկոն ու Նորվեգիան չպարզեցին հաղթողին՝ 1:1: 8-րդ րոպեին Բրահիմ Դիասն առաջ մղեց աֆրիկյան թիմին, սակայն 75-րդ րոպեին Մարտին Էդեգորը փրկեց նորվեգացիներին պարտությունից:
ԱԱ-2026-ում Մարոկկոն ընդգրկված է C (Բրազիլիա, Հայիթի, Շոտլանդիա), իսկ Նորվեգիան՝ I խմբում (Ֆրանսիա, Սենեգալ, Իրաք):
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մունդիալ-2026-ի ուղեգրից զրկված Իտալիայի և Հունաստանի հավաքականների միջև խաղն ավարտվեց «Սկուադրա Աձուրայի» նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 18-րդ րոպեին հեղինակեց Ֆրանչեսկո Էսպոզիտոն: Հանդիպման 68-րդ րոպեից իտալացիները խաղում էին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ պաշտպան Լուկա Ռեջանին:
Իտալիան չէր կարողացել նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր՝ անցումային խաղերի եզրափակիչում հետխաղյա հարվածաշարով զիջելով Բոսնիա և Հերցեգովինային:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
ԱԱ-2026-ը, որին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական, կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։




























































