Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Միլանի «Ինտերի» նիդերլանդցի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը շուտով կհամալրի Մադրիդի «Ռեալի» կազմը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մադրիդյան ակումբը կվճարի 20 միլիոն եվրո։ Հենց այս գումարն է ամրագրված խաղացողի գործող պայմանագրում՝ որպես հրաժարագին։
Սպասվում է, որ «արքայական» ակումբում նա կփոխարինի լեգենդար աջ պաշտպան Դանի Կարվախալին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է թիմից։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Դումֆրիսն ակումբային մակարդակով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։


























































