Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է մի անսպասելի սովորության մասին, որն ուղեկցում է իրեն ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։
Ֆրանսիական Onze Mondial պարբերականին տված հարցազրույցում 27-ամյա հարձակվողը խոստովանել է, որ մանկուց խաղում է առանց խաղակոշիկների ներդիրների։ Ընդ որում, ֆուտբոլիստը շարունակում է պահպանել այս սովորությունը նույնիսկ հիմա, երբ ունի հատուկ իր համար պատրաստված մարզակոշիկներ։
«Ես մի շատ վատ սովորություն ունեմ՝ խաղում եմ առանց ներդիրների։ Երեխաներ, մի՛ կրկնեք սա»,- հայտարարել է Մբապեն։
Ֆրանսիացին բացատրել է, որ առաջին անգամ սկսել է հանել ներդիրները դեռ մանկության տարիներին, երբ ֆուտբոլով էր զբաղվում հարազատ Բոնդիում։ Այդ ժամանակվանից ի վեր դա վերածվել է սովորության, որից նա այդպես էլ չի կարողացել ազատվել։
Կիլիանի խոսքով՝ այսօր ինքն ունի լավագույն խաղակոշիկները, և ներդիրներից հրաժարվելու ոչ մի պատճառ չկա, սակայն ավտոմատ կերպով հանում է դրանք անգամ հատուկ պատվերով կարված կոշիկներից։
Հատկանշական է, որ ինքը՝ Մբապեն, նման գործելաոճը սխալ է համարում և կոչ է անում երիտասարդ ֆուտբոլիստներին չհետևել իր օրինակին։
Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիացի հարձակվողը Onze Mondial պարբերականի վարկածով ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով հեղինակավոր Onze d’Or 2026 մրցանակին։























































