Միլանի «Ինտերի» և Հռոմի «Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դիտարկվում է որպես Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկը՝ 2027/28 մրցաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Չնայած ընթացիկ մրցաշրջանում գրանցած ոչ գոհացուցիչ արդյունքներին՝ թուրինյան ակումբի ղեկավարությունն ու սեփականատերերն առայժմ մտադիր չեն պաշտոնանկ անել գլխավոր մարզչին։ Սակայն, եթե առաջիկա ամիսներին իրավիճակը չբարելավվի, ակումբի դիրքորոշումը կարող է փոխվել։
Որպես մինչև մրցաշրջանի ավարտը Սպալետիին փոխարինելու հավանական թեկնածուներ՝ շրջանառվում են Ստեֆանո Պիոլիի և Անտոնիո Կոնտեի անունները, որից հետո ղեկավարությունը կանցնի Ինձագիին հրավիրելու կոնկրետ քայլերի։ Այս պահին իտալացի մասնագետը մարզում է սաուդյան «Ալ-Հիլալը»։
Հիշեցնենք, որ «Ինտերի» ղեկին Ինձագին 2023/24 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը և երեք անգամ՝ Սուպերգավաթը։ Բացի այդ, միլանյան ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ։


























































