Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» դրամատիկ պայքարում 2:4 հաշվով զիջեց «Պարի Սեն Ժերմենին»՝ կրելով ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտությունը։
Թեև «կապտանռնագույններին» հանդիպման ընթացքում երկու անգամ հաջողվեց հավասարեցնել հաշիվը, խաղավերջում Լուիս Էնրիկեի սաները վճռեցին խաղի ելքը՝ 81-րդ և 86-րդ րոպեներին խփելով ևս երկու գնդակ։
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է խաղը, խոսել թիմի թույլ տված սխալների, ֆիզիկական վիճակի և Դանի Օլմոյի վնասվածքի մասին։
Մրցակցի առավելության և խաղավերջի անկման մասին
«Հիանալի հանդիպում էր երկու թիմերի կատարմամբ էլ, բայց, ի վերջո, ՊՍԺ-ն ապացուցեց, որ այս պահին դեռևս ավելի լավ թիմ է և գերազանցում է մեզ։ Նրանք ահռելի որակ ունեն պաշտպանությունից հարձակման անցումների ժամանակ։
Խաղի մեծ մասում մենք շատ լավ էինք պաշտպանվում, սակայն վերջին 10-15 րոպեներին մեզ չբավականացրեց թարմությունը, ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը լավագույնը չէր։ Սա արդարացում չէ, բայց այս խաղին նախապատրաստվելու համար մենք լավագույն պայմանները չունեինք»։
Ճակատագրական սխալների և Վիտինյայի գոլի մասին
«Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք, իսկ նման բարձր մակարդակում դա պարզապես անթույլատրելի է։ Երրորդ գոլի դրվագում մենք պարտավոր էինք փակել Վիտինյայի հարվածի ուղղությունը։ Այն դիրքում, որտեղից նա հարվածեց, մենք պետք է անմիջապես ճնշում գործադրեինք նրա վրա։ Չափազանց շատ սխալներ եղան, և հենց դա է պատճառը, որ ՊՍԺ-ն հաղթեց։ Մենք պարտվեցինք, բայց կարող ենք դասեր քաղել սրանից։ Այնուամենայնիվ, մեր խաղում կային նաև շատ դրական պահեր, որոնցից պետք է գոհ լինենք, սակայն պարտավոր ենք վերլուծել կատարվածն ու էլ ավելի կատարելագործվել»։
Դանի Օլմոյի վնասվածքի և Չավի Էսպարտի խաղի մասին
Գերմանացի մասնագետն անդրադարձել է նաև Դանի Օլմոյի վիճակին և գովեստի խոսքեր հնչեցրել երիտասարդ Չավի Էսպարտի հասցեին.
«Կտեսնենք, թե ինչպես է Դանի Օլմոն։ Նա ուժեղ հարված է ստացել և ցավ ու անհանգստություն է զգացել։ Այժմ պետք է սպասենք բուժզննման արդյունքներին։ Ինչ վերաբերում է Չավի Էսպարտին, ապա նա ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Պարզապես անհավանական է, թե ինչպես է նա դրսևորում իրեն ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս»։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3 տուրերից հետո ՊՍԺ-ն վաստակել է 9 միավոր, իսկ «Բարսելոնայի» ակտիվում կա 6 միավոր։ Արդեն հոկտեմբերի 25-ին կատալոնական գրանդը Լա Լիգայի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։
























































