Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն անկեղծ զրույց է ունեցել Onze Mondial-ի հետ՝ անդրադառնալով ինչպես իր մարդկային թուլություններին ու սխալներին, այնպես էլ խաղադաշտում ունեցած անսահման ամբիցիաներին։
Ֆրանսիացի աստղը խոստովանել է, որ հեռու է իդեալական լինելուց և կյանքում քիչ սխալներ չի գործել.
«Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց նրանք, ովքեր կարծում են, թե ես իդեալական եմ, պարզապես հեռուստացույց չեն դիտում։ Կարծում եմ՝ բազմիցս ապացուցել եմ, որ կարող եմ հիմարություններ անել։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում, և կարծում եմ՝ դա նույնպես լավ է։ Հեռուստաէկրանից այն կողմ ոչ ոք չի կարող քեզ իսկապես ճանաչել։ Չես կարող մարդկանց արգելել սեփական կարծիքն ունենալ, նույնիսկ եթե այն երբեմն սխալ է. այդպիսին է կյանքը»։
Չնայած ինքնաքննադատությանը՝ խաղադաշտում Մբապեն կասկած չունի իր բացառիկության հարցում։ Հարձակվողը բացատրել է, թե ինչու է իրեն համարում մոլորակի լավագույն ֆուտբոլիստը.
«Երբ ասում եմ, որ լավագույնն եմ աշխարհում, ուրեմն իսկապես այդպես եմ մտածում։ Բացի այդ, դա իմ մոտիվացիան է։ Չի կարելի դուրս գալ խաղադաշտ ու մտածել, թե մյուսները կարող են ինչ-որ բան քեզնից լավ անել։ Դա կնշանակի սահմանափակել սեփական հնարավորություններն ու արգելապատնեշ դնել ինքդ քո առաջ։ Ես միշտ ձգտում եմ գերազանցել ինքս ինձ՝ համոզված լինելով, որ եթե որևէ մեկն ի զորու է դա անել, ապա այդ մեկը հենց ես եմ»։
Հիշեցնենք, որ Մբապեն պայմանագիր ունի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։
























































