Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ սպասվող արտագնա խաղից առաջ բարձր է գնահատել փարիզյան ակումբի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայի խաղային որակները։
Իսպանացի ֆուտբոլիստը նրան համարում է իսկապես առանձնահատուկ խաղացող՝ ընդգծելով նրա բացառիկ ունակությունները գնդակի վերահսկման և խաղի կառուցման հարցում։
«Նա իսկապես առանձնահատուկ խաղացող է, լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը, երբ խոսքը վերաբերում է խաղի կառուցմանն ու գնդակի վերահսկմանը։ Նա շատ բան է տալիս ՊՍԺ-ին, երբ գնդակն իր մոտ է, իսկ երբ նա դաշտում չէ՝ դա անմիջապես նկատելի է դառնում։ Ինձ դուր է գալիս խաղալ նման ֆուտբոլիստների դեմ։ Սա հիանալի հնարավորություն է լավագույնների դեմ դիմակայությունում սեփական ուժերը ստուգելու համար»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ պորտուգալացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2022 թվականից՝ տեղափոխվելով պորտուգալական «Պորտուից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրի ՊՍԺ — «Բարսելոնա» կենտրոնական հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































