Լոնդոնի «Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում։
Ֆուտբոլիստը պաշտոնապես մեղադրել է Բրազիլիայի նախագահի թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուին իր մասնավոր կղզին ապօրինաբար յուրացնելու և «խլելու» մեջ։ Այս մասին հայտնում է The Touchline պարբերականը։
Ընդհանուր առմամբ կղզու բարեկարգման և ձեռքբերման վրա ֆուտբոլիստը ներդրել էր մոտ 1,7 միլիոն եվրո։ Ինչպես հաղորդվում է, Բոլսոնարուն ժամանակին ցանկացել է գնել այդ կղզին Ռիշարլիսոնից, սակայն ստացել է կտրուկ մերժում։ Դրանից հետո տարածքը, կասկածելի դատական գործընթացների միջոցով, հայտնվել է այլ անձանց վերահսկողության տակ, իսկ ինքը՝ հարձակվողը, մնացել է առանց սեփականության և առանց որևէ դրամական փոխհատուցման։
Այժմ Ռիշարլիսոնը կտրուկ պահանջում է անհապաղ ոստիկանական հետաքննություն սկսել՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Նշենք, որ Ֆլավիու Բոլսոնարուն երկրի ընդդիմադիր քաղաքական գործիչ է և նախագահի թեկնածու, ով նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում՝ մասնավորապես ստուգվելով փողերի լվացման մեղադրանքներով։




























































