Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 առաջնությունը։ Մրցաշարի արդյունքներով՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը (ավագ մարզիչ՝ Վիգեն Խաչատրյան, երկրորդ մարզիչ՝ Վահրամ Գևորգյան) միավորների հաշվարկով թիմային պայքարում գրավել է երրորդ հորիզոնականը: Մ-23 տարեկանների թիմը, որը գլխավորում է Դավիթ Մուրադյանը, թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը:
Ավարտված մրցաշարում անգերազանցելի արդյունք գրանցեց երիտասարդների 75 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Գրիգորյանը: Երկամարտում ոսկե մեդալ նվաճած և Եվրոպայի չեմպիոն հռչակված հայ ծանրորդը ճանաչվել է Ալբանիայում կայացած առաջնության լավագույն ծանրորդ։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ընտրանին այս ստուգատեսում նվաճել է երկամարտի 7 մեդալ։ Երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Նարեկ Գրիգորյանը (75 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ), իսկ Սամվել Մարտիրոսյանը (70 կգ) ու Նարեկ Մկրտչյանը (85 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Մ-23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), արծաթե մեդալակիրներ են դարձել Տիգրան Կարապետյանը (75 կգ) և Մարտին Պողոսյանը (85 կգ), իսկ Սեյրան Խուդանյանը (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։ Բացի այդ, պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալներ են նվաճել Դավիթ Առաքելյանն (երիտասարդներ, 65 կգ) ու Վալերիկ Մկրտչյանը (երիտասարդներ, 95 կգ), իսկ Աննա Ամրոյանը (երիտասարդներ, 77 կգ)՝ փոքր բրոնզե մեդալ:
Հավելենք նաև, որ առջևում մեծահասակների աշխարհի առաջնությունն է, որտեղ համաշխարհային ստուգատեսում Հայաստանը կներկայացնի 8 տղամարդ և 5 կին ծանրորդ։ Հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները Նինբոյից կկայանան հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 8-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել հավաքականների ամբողջական կազմերը այս մրցաշարի համար:




























































