Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղին նվիրված նախախաղային մամուլի ասուլիսին։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը X-ի իր պաշտոնական էջում։
Բելգիացի մասնագետը բաց է թողել նաև թիմի նախախաղային մարզումը։
«Վենսան Կոմպանիին խորհուրդ է տրվել հանգստանալ և վերականգնվել տարած վիրուսային վարակից հետո, ուստի նա բաց է թողնում այսօրվա մարզումն ու մամուլի ասուլիսը», — ասված է մյունխենյան գրանդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վիրուսային վարակը Կոմպանիի միակ խնդիրը չէ. մարզիչը նաև ազդրի հատվածում թեթև վնասվածք ու անհանգստություն ունի։ Չնայած վատ ինքնազգացողությանը, նա ներկա էր գտնվել Բունդեսլիգայի 6-րդ տուրի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ հաղթական խաղին (6:1): Այդ հանդիպման ընթացքում, սակայն, բելգիացին գրեթե չէր բարձրանում պահեստայինների նստարանից և զուսպ էր արձագանքում խաղային դրվագներին, իսկ տեխնիկական գոտուց թիմի գործողությունները հիմնականում ղեկավարում էր նրա օգնական Աարոն Դենքսը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Բավարիա» — «Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Մյունխենում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
























































