«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն անկեղծացել է հոգեբանական խնդիրների և դրանք հաղթահարելու իր բարդ ուղու մասին։
«Դա տարբեր խնդիրների կուտակում էր։ Ես գիտեի, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, որովհետև ինձ վատ էի զգում: Ես երջանիկ չէի: Տանը ես այն ամուսինն ու հայրը չէի, որի կարիքն ունեին իմ հարազատները: Տևական ժամանակ այդ վիճակում էի. ամեն ինչ կուտակում էի իմ մեջ, չէի բարձրաձայնում խնդիրների մասին, մինչև եկավ պահը, երբ ես ուղղակի պայթեցի: Հենց «Չելսիի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպն ստիպեց ինձ սթափվել և հասկանալ, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում: Ես գիտակցեցի, որ ինձ օգնություն և ահռելի աշխատանք է պետք այդ բարդ իրավիճակից դուրս գալու համար։
Այս ամենը փոխկապակցված է: Խոսքը միայն ֆուտբոլային մակարդակի մասին չէ, քանի որ կան խնդիրներ, որոնք գալիս են մանկությունից և մեծանում են քեզ հետ: «Չելսիի» դեմ խաղի այդ դրվագն առանցքային էր: Քանի որ ես արդեն դեղին քարտ ունեի, չէի կարող ինձ նման արարք թույլ տալ: Ակնհայտ էր, որ գլխիս հետ ինչ-որ բան այն չէր: Հիշում եմ՝ մենակ գնացի հանդերձարան և ինքս ինձ ասացի՝ «Բավակա՛ն է»: Հասկացա, որ պետք է խոսեմ այդ մասին կնոջս և ակումբի հետ ու օգնություն խնդրեմ: Դա իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն էր»,- նշել է ֆուտբոլիստը:
Ուրուգվայցի պաշտպանն ընդգծել է ակումբի և թիմակիցների աջակցության կարևորությունը.
«Ես միշտ երախտապարտ կլինեմ «Բարսելոնային» և թիմակիցներիս, որոնք առանցքային դեր խաղացին այն պահից սկսած, երբ ես կայացրեցի այդ որոշումը: Նրանք աջակցում էին ինձ, հաղորդագրություններ էին գրում և վստահում: Դա շատ հաճելի էր և մեծ մոտիվացիա դարձավ առաջ շարժվելու համար։
Հիմա ինձ շատ լավ եմ զգում և շատ երջանիկ եմ: Վայելում եմ ֆուտբոլն ու մարզումները: Ամեն ինչին այլ տեսանկյունից եմ նայում: Բարդ մրցաշրջան էր, որտեղ ստիպված էի այլ դեր ստանձնել, բայց կասեմ ձեզ, որ սա այն մրցաշրջաններից է, որում ես ամենաշատն եմ սովորել ու աճել: Կարողացա աշխատել ինձ վրա, սովորեցի ամեն ինչ այլ կերպ տեսնել և ավելի պարզ վերաբերվել իրերին: Ես շատ եմ հավատում ինքս ինձ և զգում եմ, որ իմ լավագույն տարիներն առջևում են»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Marca-ն։
2025 թվականի նոյեմբերին Արաուխոն կարմիր քարտ էր ստացել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի՝ «Չելսիի» դեմ արտագնա խաղում (0:3):
Պաշտպանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում Արաուխոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։



























































