«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարությունները, ով ավելի վաղ ընդգծել էր կատալոնական ակումբի և Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրայի համագործակցության կոռուպցիոն բնույթը։
«Այն ամենը, ինչ կապված է Նեգրեյրայի գործի հետ, որն իրականում անգամ գոյություն չունի, սուտ է։ Կարծում եմ՝ նրանք դա անում են մարդկանց աչքերին թոզ փչելու և այն փաստից ուշադրությունը շեղելու համար, որ արդեն երկու տարի է՝ ոչինչ չեն հաղթել։ Նրանք օգտագործում են «Բարսելոնային» իրենց անհաջողությունները քողարկելու համար։ Ակումբը դեռ ուսումնասիրում է այդ հայտարարությունները՝ համապատասխան մարմնում արձագանքելու համար։
Նրանք մեծ միջոցներ են ներդրել և մինչ այժմ ոչինչ չեն նվաճել, մինչդեռ մենք շարունակում ենք հաղթել։ Մենք նվաճել ենք երկու անընդմեջ չեմպիոնական տիտղոս, երկու Սուպերգավաթ և Իսպանիայի Գավաթը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 2023 թվականին կապտանռնագույններին մեղադրանք էր առաջադրվել Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կաշառք տալու համար, ով աշխատում էր Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում։ «Բարսելոնան» մեղադրվում էր 2001-ից 2018 թվականներին մոտ 8,4 միլիոն եվրոյի չափով նմանատիպ վճարումներ կատարելու մեջ։
























































