Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Ես այն ֆուտբոլիստներից եմ, ովքեր կարծում են, որ մրցաշրջանի ընթացքում մարզումներին թիմակիցների միջև բախումներն անխուսափելի են. դա առողջ մրցակցության մի մասն է և նորմալ է մինչև որոշակի սահման։ Սակայն, եթե գործը հասել է իսկական ծեծկռտուքի, ապա մարզիչն իրավունք չուներ նրան դաշտ դուրս բերելու։
Եթե նրանց կռվելու մասին լուրերը ճիշտ են, ապա, իմ կարծիքով, մարզիչը սխալվել է՝ Չուամենիին հայտավորելով և խաղաժամանակ տրամադրելով։ Թեև պետք է խոստովանեմ, որ հստակ չգիտեմ՝ ինչ է իրականում կատարվել»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին իսպանական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Վալվերդեի և Չուամենիի միջև մարզման ժամանակ ծագած վեճը հանդերձարանում վերածվել է ծեծկռտուքի։
Միջադեպի հետևանքով ուրուգվայցի կիսապաշտպանը գլխի պատռվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ «Արքայական ակումբը» խստորեն պատժել է երկու ֆուտբոլիստներին՝ տուգանելով նրանց յուրաքանչյուրին 500 հազար եվրոյով։
























































