Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի ընդգրկվի թիմի մեկնարկային կազմում Լա լիգայի 35-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայանալիք սկզբունքային խաղում:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Cadena SER պարբերականը, մադրիդցիների գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հակված է ֆրանսիացի հարձակվողին թողնել պահեստայինների նստարանին, անգամ եթե նա մինչև հանդիպումը հասցնի լիովին ապաքինվել վնասվածքից:
Հիշեցնենք, որ Մբապեն վնասվածք էր ստացել ապրիլի վերջին կայացած «Բետիսի» դեմ խաղում (1-1): Վերականգնողական փուլում ֆրանսիացին հայտնվել էր ակտիվ քննարկումների կենտրոնում՝ ընկերուհու հետ Իտալիա մեկնելու պատճառով: Իսպանական մամուլի տվյալներով՝ այս արարքը բավականին կոշտ արձագանք է ստացել. և՛ երկրպագուների մի մասը, և՛ «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ խիստ բացասաբար են վերաբերվել ստեղծված իրավիճակին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 հանդիպումներում Կիլիան Մբապեն դարձել է 24 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» սկզբունքային դիմակայությունը նախատեսված է մայիսի 10-ին:
























































