Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ ակումբից հեռանալու պահանջով ստեղծված ստորագրահավաքը ընդամենը մեկ ժամում ավելի քան 70 հազար ստորագրություն է հավաքել, հայտնում է Footmercato-ն։
Ֆուտբոլիստի շուրջ լարվածությունը շարունակում է աճել, և երկրպագուների մի ստվար զանգված բացահայտ դժգոհություն է հայտնում նրա ներկայությունից։ Սոցիալական ցանցերում հայտնվում են ագրեսիվ բնույթի գրառումներ՝ ուղեկցվելով ֆրանսիացու լուսանկարներով, որտեղ նա «Ռեալի» մարզահագուստով է, իսկ նկարների վրա արված է FUERA (իսպաներենից թարգմանաբար՝ «կորի՛ր/դո՛ւրս») գրառումը:
Իրավիճակն ավելի է սրվել Իտալիա կատարած նրա վերջին ուղևորությունից հետո, ինչը լրացուցիչ քննադատության ալիք է բարձրացրել ֆուտբոլիստի վարքագծի և իմիջի վերաբերյալ։ Շատերը կարծում են, որ նա պարզապես չի արդարացնում ակումբի սպասելիքները։
Մբապեի դեմ բողոքի ալիքն էլ ավելի մեծ թափ ստացավ երկրպագուների նախաձեռնած ստորագրահավաքի մեկնարկով: Այն շատ արագ գերազանցեց սկզբնական 50 հազարի շեմն ու մեծ տարածում գտավ համացանցում:
Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ընթացիկ մրցաշրջանում, չնայած վնասվածքին և խաղադաշտից դուրս սկանդալներին, ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ։


























































