Եգիպտոսում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել 71 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանի հավաքականը ներկայացված էր երկու մարզիկով՝ Նարեկ Գրիգորյանով և Հովհաննես Հովհաննիսյանով։
Նարեկ Գրիգորյանը հիանալի հանդես եկավ պոկում վարժությունում՝ իրար հաջորդող վստահ մոտեցումներով գլխավերևում պահելով 139 կգ, 142 կգ և 144 կգ ծանրաձողերը։ Այս ցուցանիշով հայ ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Ցավոք, հրում վարժությունում Գրիգորյանը որևէ հաջող մոտեցում չգրանցեց, ինչի հետևանքով զրո ստացավ և դուրս մնաց երկամարտի արդյունքով մեդալների համար պայքարից։
Նույն քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գրանցեց 130 կգ արդյունք։ Հրում վարժությունում նա զգալիորեն բարելավեց դիրքերը՝ հաջողությամբ բարձրացնելով նախ 165 կգ, ապա՝ 171 կգ։ Այս վարժությունում Հովհաննիսյանը արժանացավ փոքր արծաթե մեդալի։
Երկամարտի 301 կգ ընդհանուր արդյունքով Հովհաննես Հովհաննիսյանը աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։




























































