«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել Մադրիդի «Ռեալի» և «Էսպանյոլի» միջև հանդիպումը:
Շաբաթ օրը կատալոնական թիմը Լա Լիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Օսասունային»: «Բարսելոնան» կարող է ժամանակից շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն, եթե «Ռեալն» այսօրվա խաղում միավորներ կորցնի «Էսպանյոլի» հետ դիմակայությունում:
«Ո՛չ, հավատացեք, ես ոչ մի դեպքում չեմ դիտի «Ռեալի» խաղը: Դա ինձ համար չէ: Գուցե կնոջս հետ գնամ El Mago Pop-ի ելույթին: Կարծում եմ՝ սա վերջին օրն է: Ես կհետևեմ WhatsApp-ի մեր չաթին՝ հասկանալու համար, թե արդյոք նորություն կա՞, թե՞ ոչ: Այդ ժամանակ կիմանամ. «Դե ինչ, սա լավ է»: Պետք է պարզապես սպասել»,- ասել է Ֆլիկը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, սակայն, որ աճպարար Անտոնիո Դիասի (հայտնի է որպես El Mago Pop) համերգները, որոնք այս հանգստյան օրերին պետք է կայանային Բարսելոնայում, տեխնիկական պատճառներով չեղարկվել են։

























































