Իսպանական Լա Լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով կարևոր հաղթանակ է տարել «Օսասունայի» նկատմամբ և այժմ ընդամենը մեկ քայլ է հեռու 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսն ապահովելուց։
Այս պահին կատալոնական ակումբը 88 միավորով վստահորեն գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ռեալն» իր ակտիվում ունի 74 միավոր, սակայն մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։ Թիմն իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ մայիսի 3-ին։
Եթե «արքայական ակումբը» 34-րդ տուրի շրջանակում կայանալիք կատալոնական «Էսպանյոլի» դեմ խաղում միավորներ կորցնի, ապա «կապտանռնագույնները» ժամկետից շուտ կհռչակվեն Լա Լիգայի չեմպիոն։
Իսկ այն դեպքում, եթե մադրիդյան թիմն այսօր վաստակի երեք միավոր, ապա չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարի հանգուցալուծումը կարող է տեղափոխվել արդեն հաջորդ՝ 35-րդ տուր, որտեղ տեղի կունենա մրցաշրջանի գլխավոր հակամարտությունը՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայանալիք «Էլ Կլասիկոն»։


























































