Կատալոնական «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպմանը հանդես կգա նորացված խաղաշապիկով: «Կապտանռնագույնների» մարզաշապիկի վրա կպատկերվի ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Օլիվիա Ռոդրիգոյի տարբերանշանը, ով լայն լսարանին հայտնի է իր «Drivers License», «Vampire» և «Good 4 U» հիթերով։
Օլիվիա Ռոդրիգոյի տարբերանշանը «Բարսելոնայի» մարզահագուստի վրա կտեղադրվի ակումբի և գլխավոր հովանավոր Spotify-ի միջև համագործակցության շրջանակում: Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում կատալոնական ակումբն ավանդաբար փոխարինում է սթրիմինգային հարթակի ստանդարտ տարբերանշանը համաշխարհային արտիստների հատուկ էմբլեմներով:
Նախկինում «Բարսելոնայի» մարզահագուստին արդեն իսկ հասցրել են պատկերվել այնպիսի հայտնի կատարողների տարբերանշաններ, ինչպիսիք են Drake-ը, Rosalía-ն, The Rolling Stones-ը և Karol G-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև սպասվող Էլ Կլասիկոն կկայանա 2026 թվականի մայիսի 10-ին:
























































