Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ է մերժել հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի դիմաց առաջարկվող մոտ 150 միլիոն եվրոն, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբն անդրդվելի է 26-ամյա արգենտինացուն պահպանելու հարցում։ Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Արսենալը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն, սակայն նույնիսկ նման աստղաբաշխական առաջարկը չի գայթակղի «Ատլետիկոյին»:
Ալվարեսը մադրիդյան թիմի կազմում հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
2025/26 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 47 հանդիպումներում խփել է 19 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt հեղինակավոր պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Հավելենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի շրջանակում «Ատլետիկոն» կընդունի «Արսենալին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































