Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ է ազդրի վնասվածքից ապաքինմանն ու պատրաստ կլինի մայիսի 10-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ բելգիացի դարպասապահը լիովին պատրաստ կլինի այդ խաղին, եթե վերականգնողական փուլում չնախատեսված բարդություններ չառաջանան։ Սպասվում է, որ նա շուտով կվերսկսի մարզումները թիմի ընդհանուր խմբի հետ։
Հիշեցնենք, որ Կուրտուան վնասվածք էր ստացել մարտի 17-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (2:1, առաջին խաղը՝ 3:0) և այդ ժամանակվանից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա դարպասապահն ընդհանուր առմամբ անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 39 գնդակ: Նա իր հաշվին գրանցել է նաև 15 «չոր» հանդիպում՝ դարպասն անառիկ պահելով այդ խաղերում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։


























































