1998 թվականի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին խիստ քննադատության է ենթարկել «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղից հետո (2:1), որի արդյունքում կատալոնական ակումբը լքեց մրցաշարը։
«Կապտանռնագույնների» երիտասարդ տաղանդի մասին խոսելիս ֆրանսիացին նշել է.
«Փոքրիկ Յամալն ահռելի էգո ունի։ Ակնհայտ է, որ նա տաղանդավոր է… Երեկվա խաղում նա բացեց հաշիվը չորրորդ րոպեին, բայց ի՞նչ եղավ հետո։ Ի՞նչ նա արեց։ Նա նման չէ «Ոսկե գնդակի» դափնեկրի, Դեմբելեն էլ կխփեր այդ գոլը։
Եթե այդքան հանդուգն ես, ապա թիմդ դուրս բեր հաջորդ փուլ։ Դու ոչինչ չարեցիր առաջին հանդիպման ժամանակ, պատասխան խաղում էլ թիմդ առաջ չտարար, այնպես որ՝ դադարիր այդքան հանդուգն լինել»,- Դյուգարիի խոսքերը մեջբերում է Football365-ը։



























































