Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին ապաքինվել է ազդրի վնասվածքից։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 41-ամյա աստղային ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել փետրվարի 28-ին՝ Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում կայացած «Ալ-Ֆեյհայի» դեմ խաղի (3:1) վերջնամասում և ստիպված էր եղել լքել խաղադաշտը։ Դրանից հետո պորտուգալացին ժամանակավորապես հեռացել էր Սաուդյան Արաբիայից և մեկնել Իսպանիա՝ լիարժեք բուժում ստանալու նպատակով։ Արդեն մարտի 26-ին պաշտոնապես հաստատվեց նրա՝ «Ալ-Նասրի» ճամբար վերադառնալու լուրը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ռոնալդուն այժմ ամբողջությամբ հաղթահարել է վնասվածքի հետևանքները և սպասում է Պորտուգալիայի ազգային հավաքականից հրավերի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում պորտուգալացիներն ընդգրկված են K խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են լինելու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ուզբեկստանի և Կոլումբիայի ազգային ընտրանիները։
Հավելենք նաև, որ Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» մարզաշապիկով անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































