Մանչեսթեր Սիթիի պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, ըստ ամենայնի, կհեռանա ներկայիս ակումբից առաջիկա ամռանը՝ թիմի կազմում ինը տարվա մրցելույթներից հետո։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը՝ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու իր որոշման մասին։
Պորտուգալական հեղինակավոր A Bola պարբերականի լրագրողները հաստատում են Սիլվայի՝ ակումբային գրանցումը փոխելու մտադրությունը։ Նշվում է նաև կարիերան շարունակելու երեք հավանական ուղղություն՝ կատալոնական «Բարսելոնա», թուրինյան «Յուվենտուս» և ստամբուլյան «Գալաթասարայ»։
Այս տարվա օգոստոսին Բեռնարդու Սիլվան կդառնա 32 տարեկան։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում են 27 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին «քաղաքայինների» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։



























































