Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է, թե որ թիմերին է համարում 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հավակնորդներ։
«Կան մի քանի շատ ուժեղ հավաքականներ, բայց ինձ առավել շատ դուր են գալիս Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան։ Կարծում եմ՝ նրանք ունեն լավագույն կազմերը և երկար ժամանակ է՝ խաղում են միասին։ Նախորդ առաջնությունից հետո այդ թիմերում քիչ բան է փոխվել, ինչը շատ կարևոր նշանակություն ունի», — մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը ESPN-ը։
Վինիսիուսը նաև հույս է հայտնել, որ մինչև մրցաշարի մեկնարկը Բրազիլիայի հավաքականը ևս կհամալրի ֆավորիտների շարքը։ Նրա խոսքով՝ իր հայրենիքում այս մրցաշարին առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա 2026 թվականի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 թիմ։
























































